ՀՏՀ

Ի՞նչ է արտահանման ապահովագրությունը

Համաշխարհային տնտեսության գլոբալացմանը զուգընթաց վերջին տասնամյակում էապես աճել է միջազգային առևտրում առկա մրցակցությունը: Հաճախորդներ ներգրավելու և արտադրանքը արտասահմանյան երկրներ վաճառելու համար արտահանողները հաճախ ստիպված  են լինում տրամադրել գնորդին մատակարարված ապրանքի դիմաց տարաժամկետ վճարման պայմաններ, ինչը կարող է քաղաքական կամ գնորդի բիզնեսի վատթարացումից բխող պատճառներով հանգեցնել չվճարման: Արտահանման ապահովագրությունը հնարավորություն է տալիս խուսափել գնորդի չվճարման դեպքերից, քանի որ փոխհատուցում է Ձեր կրած ֆինանսական վնասներն այն դեպքում, երբ օտարերկրյա գնորդը չի վճարում մատակարարված ապրանքի դիմաց:

Ինչու՞ է անհրաժեշտ արտահանման ապահովագրությունը

Ունենալով արտահանման ապահովագրություն Դուք հնարավորություն կստանաք.

1. Ձեր գնորդին առաջարկել տարաժամկետ վճարման հնարավորություն`միաժամանակ խուսափելով չվճարման հնարավոր ռիսկերից,

2. ընդլայնել Ձեր միջազգային առևտրի ծավալները դեպի նոր շուկաներ՝ օգտվելով առևտրի ֆինանսավորման գործիքներից,

3. բարելավել և պաշտպանել Ձեր դրամական միջոցների հոսքերը,

4. ստանալ բանկերի կողմից առաջարկվող դասական առևտրի ֆինանսավորման գործիքների համեմատ առավել մրցունակ պայմաններ:

Ի՞նչ ռիսկերից են ապահովագրում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի կողմից առաջարկվող արտահանման ապահովագրության պրոդուկտները

Արտահանման ապահովագրությունը ապահովագրում է առևտրային և քաղաքական ռիսկերից:

Առևտրային ռիսկերը ի հայտ են գալիս հետևյալ դեպքերում՝ 1. գնորդի սնանկություն (անվճարունակություն), 2. գնորդը հրաժարվում է վճարում կատարելուց առանց որևէ իրավական հիմքի:

Քաղաքական ռիսկերը ի հայտ են գալիս հետևյալ դեպքերում՝ 1. ադմինիստրատիվ որոշումներ, իրավական ակտեր, քաղաքական իրադարձություններ՝ պատերազմ, հեղափոխություն, ապստամբություն և այլն, 2. բնական աղետներ՝ երկրաշարժ, ջրհեղեղ, փոթորիկ և այլն:

Ո՞ր երկրներ արտահանման դեպքում է ՀԱԱԳ-ը տրամադրում արտահանման ապահովագրություն

Երկրների ցանկին և դասակարգմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Ինչո՞ւ է ինձ հարկավոր արտահանման ապահովագրություն, եթե ես ունեմ բեռների ապահովագրություն

Արտահանման ապահովագրությունը ապահովագրում է արտահանված ապրանքների դիմաց գնորդի չվճարման ռիսկից, մինչդեռ բեռների ապահովագրությունը ապահովագրում է բեռը հնարավոր վնասներից: «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի կողմից առաջարկվող ծառայությունների մեջ ներառված չեն ապահովագրության այլ տեսակներ, այդ թվում՝ բեռների ապահովագրություն:

Կարո՞ղ է իմ հաճախորդը գնել ապրանք, սակայն վճարել դրա դիմաց ավելի ուշ

Այոունենալով արտահանման ապահովագրություն, Դուք կարող եք Ձեր գնորդին տրամադրել հետաձգված վճարման հնարավորություն՝ վստահ լինելով, որ Ձեր օտարերկրյա գնորդի չվճարման պարագայում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն կփոխհատուցի Ձեր կրած վնասները:

Ինչու՞ ես ապահովագրեմ իմ վստահելի հաճախորդին հնարավոր չվճարման ռիսկից, եթե չեմ տեսնում որևէ ռիսկ մեր համագործակցության մեջ

 

Ներկայիս բարդ առևտրաքաղաքական իրավիճակը բարդացնում է բիզնեսի իրականացումը արտասահմանյան գործընկերների հետ, և ռիսկը ճշգրիտ կանխատեսել չափազանց դժվար է: Ուստի բիզնեսով զբաղվող ցանկացած սուբյեկտ, նույնիսկ Ձեր վստահելի հաճախորդը, կարող է անսպասելիորեն հայտնվել իր գործողություններից չբխող բարդ իրավիճակի մեջ, ինչը կարող է հանգեցնել վճարման իրականացման անհնարինության: Բացի այդ, ունենալով արտահանման ապահովագրություն, Դուք կարող եք ապահովագրական ծածկույթն օգտագործել բանկերից առավել արտոնյալ պայմաններով և պարզեցված ընթացակարգով ֆինանսավորում ձեռք բերելու համար՝ մասնավորապես կարճաժամկետ վարկի տեսքով:

Ի՞սկ եթե հավելյալ ֆինանսավորման անհրաժեշտություն առաջանա մինչև գնորդի վճարելը

Ունենալով արտահանման ապահովագրություն՝ Դուք կարող եք բանկից ստանալ ֆինանսավորում պարզեցված ընթացակարգով և առավել արտոնյալ պայմաններով:

Ի՞նչպես է որոշվում ապահովագրական սակագինը

Ապահովագրական սակագինը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով արտահանման երկրի ռիսկի դասակարգումը, գնորդի վճարունակությունը և տարաժամկետ վճարման տևողությունը:

Ինչպե՞ս և ե՞րբ կարող եմ ստանալ ապահովագրական հատուցում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի

Ապահովագրական հատուցում ստանալու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել արտահանման ապահովագրություն

Արտահանման ապահովագրության ձեոքբերման գործընթացին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Որտեղի՞ց կարող եմ ծանոթանալ դիմումի ձևին և պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին

Սույն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Ովքե՞ր են «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի բաժնետերերը

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է: Պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

Որտե՞ղ է գտնվում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի գրասենյակը

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի գրասենյակի հասցեն է՝ ՀՀ, Երևան 0010, Մհեր Մկրտչյան 5, 9-րդ հարկ, 926-930 սենյակներ: